X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն՝ Աթենա Մանուկյան

 

Դե ինչ, ընդամենը 2 օրից պարզ կդառնա, թե ով այս տարի Հայաստանը կներկայացնի եվրոպական ամենահեղինակավոր բեմում՝ «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում: Այս պատվին արժանանալու համար պայքարում են 12 մասնակիցներ՝ Աթենա Մանուկյանը, TOKIONINE-ը, ERNA-ն, Միրիամ Բաղդասարյանը, Agop-ը, Կարինա EVN-ն, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները:

Թիվ1-ի խմբագրակազմը, լսելով բոլոր 12 մասնակիցների մրցութային երգերը, իր համար որպես «Դեպի Եվրատեսիլ 2020»-ի հաղթողի ֆավորիտ առանձնացրել է հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանին, ով սիրով պատասխանել է մեր հարցերին:

Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ ինքը երաժիշտների ընտանիքից է, եղբայրը, հայրը, տատիկը, պապիկը երաժիշտներ են եղել, և իր երաժշտական ունակությունները փոխանցվել է գեներով:

Հարց. Ողջույն, Աթենա: Սա Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան,  և ինչն է ամենաշատը Ձեզ գրավում այստեղ:

– Ողջույն: Սա իմ երկրորդ այցն է, ամենից շատ գրավում են մարդիկ, սիրում եմ նրանց, շատ բարի և առատաձեռն են, իհարկե, սիրում եմ նաև խոհանոցը, հայկական միջավայրն ու էներգիան։

Հարց. Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Դեպի Եվրատեսիլին»:

-Միշտ երազել եմ մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին և կարծում եմ, որ Հայաստանի անունը բարձր կպահեմ և կապացուցեմ, որ կարող եմ ներկայանալ շատ լավ, ուստի որոշեցի ուժերս փորձել այստեղ։

Հարց. Ինչի՞ մասին է Ձեր “Chains on you”  երգը, և ո՞վ է հեղինակել:

-Երգը գրվել է իմ և իմ պրոդյուսեր DJ Փաքոյի կողմից, միասին ենք գրել երաժշտությունը, իսկ խոսքերը գրել եմ հենց ես։ Երգն այն մասին է, որ բոլորս էլ ունենք «ադամանդներ», որոնցով փայլում ենք, և երբեմն ինչ-որ մարդիկ կարող են քեզանից խլել քո փայլը: Երգում ես ասում եմ, որ դու կարող ես պահել իմ «ադամանդները» քեզ, միևնույնն է, դրանք քեզ մոտ փայլ չեն տա։ Սա մեսիջ է, որն ուզում եմ փոխանցել մարդկանց. բոլորս ունենք արժեք, բոլորս ունենք տաղանդ և դա անպայման կգնահատվի։

Աթենան կարծում է, որ լավ ձայնի, տեսքի, անհատականության և նույնիսկ շարժուձևի համադրությունը կարող է բերել հաղթանակ, իսկ ինքը պատրաստ է դրան, քանի որ երկար է պատրաստվել և վստահ է իր ուժերի վրա:

Եվ մեր վերջին հարցին՝ կարո՞ղ ես Եվրատեսիլը վերջապես բերել Հայաստան, Աթենան պատասխանեց.

Այո, վստահ եմ։

Թիվ1-ը նույնպես վստահ է, որ երգչուհին կարող է պատվով ներկայացնել մեր երկիրը, ուստի մեզ մնում է նրան մաղթել միմիայն հաջողություն և հաղթանակ:

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս