X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Քոչարյանասերժականների վիկիլիքսյան զառանցանքները

 

«Առավոտ» օրաթերթի կայքում հրապարակվել է «Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին» վերտառությամբ հոդված, որտեղ, իբր, «զերծ մնալով սեփական մեկնաբանություններից», «անաչառորեն» ներկայացվում է Հայաստանում 2007-2008 թվականներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների վրերաբերյալ Հայաստանում հավատարմագրված ԱՄՆ դիվանագետների կողմից մշակված և «Վիկիլիքսի» կողմից տարիներ առաջ գաղտնազերծված փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններն ու մեկնաբանությունները: Իրականությունը, սակայն, այն է, որ տվյալ հոդվածի հեղինակները ոչ միայն չեն խորշել սեփական մեկնաբանությունները ձևակերպել մանիպուլյացիոն եղանակով` կոնտեքստից կտրված նախադասությունների հիման վրա, այլև` կեղծել են փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումները:

1. Ներկայացնելով 2007 թվականի օգոստոսի 27-ով (իրականում` 24-ով) թվագրված փաստաթուղթը, «Առավոտ»-ում հրապարակված հոդվածի հեղինակները մեջբերում են. «Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ.-ի հուլիսի դրությամբ 20% է, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%-ը։ 2007թ.-ի մարտին այդ ցուցանիշները համապատասխանաբար 13 և 81 տոկոս էին կազմում, իսկ 2006թ.-ի նոյեմբերին՝ համապատասխանաբար 14 և 82 տոկոս»:
Փաստաթղթում տեղ գտած այս տողերից հոդվածի հեղինակները եզրակացնում են հետևյալը. «Նամակագրության այս հատվածից պարզ է դառնում, որ ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որի առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։ Հետագա դիվանագիտական նամակագրության մեջ այս թեզը է՛լ ավելի է շեշտվում: […] ԱՄՆ ներկայացուցիչը վստահում էր հարցումներին, և Ս. Սարգսյանի՝ բարձր վարկանիշ ունենալը նրա մոտ կասկածներ չէր հարուցում»:
Նախ` եթե անվերապահորեն հավատանք էլ գաղտնազերծված փաստաթղթում տեղ գտած հարցման տվյալներին, ապա անզեն աչքով իսկ նկատելի է, որ 2006-2007 թվականներին Տեր-Պետրոսյանի վարկանիշը աճել է, ինչը նշված է նաև փաստաթղթի բնօրինակում: Երկրորդ. 2007 թվականի հուլիս-օգոստոս ամսիներին Տեր-Պետրոսյանը դեռևս չէր հայտարարել ակտիվ քաղաքականություն վերադառնալու և 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, և եթե այդ ժամանակ իսկ Տեր-Պետրոսյանը ուներ 20 տոկոս աջակցություն, ապա մինչ ընտրությունների օրը այդ ցուցանիշը բնականորեն առնվազն պիտի կրկնապատկվեր:
Ավելին, փաստաթղթի բնօրինակում նաև նշված է, որ «Հարցման տվյալները գուցե չեն ներկայացնում ողջ իրականությունը: […] Հարցումների ժամանակ Սարգսյանի կողմ ձայները նույնպես կարող են ապակողմնորոշել, քանի որ նրա աջակցությունը մակերեսային է» [1]:
Բացի այս, «Վիկիլիքս»-ի կողմից գաղտնազերծված մեկ այլ` «10.03.2008» ամսաթիվը կրող փաստաթղթում բառացի ասվում է հետևյալը. «Տեր-Պետրոսյանը մեկուսացված ծայրահեղական չէ: Պաշտոնական տվյալներով, փետրվարի 19-ին նա ստացել է քվեների 21,5 տոկոսը (ավելի քան 350 հազար քվե), և իրական թվերն, անկասկած, զգալիորեն ավելի բարձր են: Մեր համոզված գնահատականով` մոտավորապես 30-35 տոկոսի սահմաններում է (490-570 հազար քվե): Վերջին երկու շաբաթներում նրա հասարակական աջակցությունը միայն աճել է: Շատ հայաստանցիներ մեզ ասում են. «Սա այլեւս Տեր-Պետրոսյանի հարցը չէ, սա գործող իշխանությունների վարքագծի խնդիրն է»» [2]:

2. Գաղտնազերծված մեկ այլ փաստաթղթում (12.10.2007) նշվում է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացել է, որ Քոչարյանի կողմից Արցախի հարցում բանակցված ձևակերպումները պաշտոնական փաստաթղթի տեսք ստանան, որպեսզի Հայաստանի հաջորդ նախագահը ի սկզբանե տեղեկացված լինի բանակցությունների արդյունքների մասին:
Փաստաթղթում տեղ գտած ձևակերպումները «Առավոտ»-ի հոդվածում ներկայացվում է հետևյալ կերպ. ըստ Տեր-Պետրոսյանի «այդ փաստաթուղթը կարևոր կլինի, որպեսզի ցույց տա, թե իբր Քոչարյանը նույնպես բանակցել է պարտվողական փաստաթղթի շուրջ, ինչի համար իրեն 98թ-ին հեռացրին։ Սա նրան հնարավորություն կտա նաև որպես նախագահ զիջումների գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում»: Շարունակելով խեղաթյուրել և կեղծել փաստաթղթում տեղ գտած մտքերը, հոդվածի հեղինակները գրում են. «Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերից այս մեկը, թերևս, տարբերվում է իր բացառիկ նրբերանգներով. նախ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ երկրի անվտանգության գնով պատրաստ է եղել Քոչարյանի դեմ աշխատելու։ Մյուս կարևորագույն դրվագը՝ Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հանդիպման ժամանակ, և բնականաբար՝ ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա»:
Այժմ տվյալ թեմայի վերաբերյալ անդրադարձը մեջբերենք փաստաթղթի բնօրինակից. «Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցում «մեղմ» (“soft”) մոտեցում ունի (ինչը 1998 թվականին հանգեցրեց իր հրաժարականին), և հետագայում, եթե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, նա, հավանաբար, կցանկանա ցույց տալ, թե որքանով են նման իր կողմից [1997 թվականին բանակցված] և Քոչարյանի կողմից բանակցված տարբերակները» [3]:
Ինչպես տեսնում եք` ոչ մի խոսք չկա ոչ «պարտվողական փաստաթղթի», ոչ Քոչարյանի վրա ինչ-որ բան բարդելու, ոչ էլ, առավել ևս, «զիջումների գնալու» մասին: Հոդվածի հեղինակների թեթև ձեռքով «խաղաղության համաձայնագիր»-ը դարձել է «պարտվողական փաստաթուղթ», ««մեղմ» մոտեցում»-ը` «զիջումների գնալ», իսկ «որքանով են նման» ձևակերպումն էլ` «բարդել Ռ. Քոչարյանի վրա»:
Ինչ վերաբերվում է «թե իբր»-ին, այսինքն`հոդվածի հեղինակների կողմից Քոչարյանի բանակցած փաստաթուղթը կասկածի տակ դնելուն, ապա, ինչպես հայտնի է, Քոչարյանի կողմից այդ տարիներին տարվող բանակցությունների արդյունքները կողմերին է ներկայացվել 2007 թվականի նոյեմբերին` «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթի տեսքով, ինչի բովանդակությունը շատ դրական է գնահատվել Քոչարյանի վարչակազմի կողմից:

3. Հաջորդ` «13.02.2008» ամսաթիվը կրող փաստաթղթում ԱՄՆ դիվանագետը սեփական տեղեկությունների հիման վրա կանխատեսում է հնարավոր հետընտրական զարգացումները: «Առավոտ»-ի հոդվածի հեղինակները գրում են. «Փեննինգթոնը նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են։ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից: Կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, նվազագույն բռնությամբ բողոքի ակցիաներն արագ ցրվելու են իշխանությունների կողմից, սակայն միանշանակ չի բացառում լուրջ բախումների հավանականությունը»:
Մեջբերենք փաստաթղթի հեղինակի մտքերը` փաստաթղթի բնօրինակից. «Մենք կարծում ենք, որ իշխանությունները հավասարապես լի են վճռականությամբ` հաղթել ամեն գնով, և, ավելի շուտ, բռնություն կգործադրեն, քան իշխանությունը կկորցնեն: Ավելին, մենք կարծում ենք, որ իշխանությունները ամբողջովին տեղեկացված են հնարավոր ընդվզումների մասին և պատրաստ կլինեն այն աստիճանի կոշտ դիմադրություն ցույց տալ, որքան կպահանջվի զարգացումները վերահսկողության տակ պահելու համար»:
Մեկնաբանելով ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին ցուցաբերած ԵԿՄ աջակցությունը, հոդվածի հեղինակները գրում են. «Դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում։ Միամտություն կլիներ կարծել, որ Մանվել Գրիգորյանը աջակցությունը խաղաղ կամ ինտելեկտուալ բնույթ էր կրելու, և չէր ներքաշելու զինված ԵԿՄ մյուս անդամներին»:
Փաստաթղթի բնօրինակում նման ձևակերպումներ և ենթադրություններ չկան, իսկ ԵԿՄ աջակցությունը ներկայացվում է հետևյալ տողերով. «Մեր աղբյուրները հայտնում են, որ գեներալ Մանվելը աջակցում է Տեր-Պետրոսյանին և իր ՊՆ գործընկերներին տեղեկացրել է, որ «Երկրապահի» անդամները ուշադիր հետևելու են ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին» [4]: Այսինքն` ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին հետևելը, հոդվածի հեղինակների ընկալմամբ, «սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ» էր:

4. «27.02.2008» ամսաթիվը կրող փաստաթղթում խոսվում է ԱՄՆ և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հանդիպման մասին: Հոդվածի հեղինակները խեղաթյուրելով փաստաթղթի բնօրինակում տեղ գտած ձևակերպումները, կոնտեքստից կտրելով փաստաթղթի հեղինակի մտքերը, մանիպուլյացիոն եղանակով գրում են. «Հանդիպման ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև ՍՍ-ը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո պարտվում է մարտը հասարակական կարծիքի համար։ Նամակի վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ իրենք կարողացել են վարչապետի մերձավորներին վստահեցնել, որ ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում վերջինիս դեմ, պատրաստ է աշխատել Սարգսյանի հետ, և միայն փորձում են բարձրացնել ընտրությունների հետ կապված խնդիրները ու լուծումներ գտնել, որպեսզի Սարգսյանը դառնա ավելի լեգիտիմ նախագահ»:
Փաստաթղթի բնօրինակում տվյալ հանդիպման վերաբերյալ ասվում է հետևյալը. «Մենք մտահոգություն հայտնեցինք ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, մեր տեսած քվեարկության, վերահաշվարկների ժամանակ տեղի ունեցած խախտումների և այլ բացթողումների վերաբերյալ` նշելով, որ այդ խնդիրները վստահություն են առաջացնում Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման նկատմամբ, ինչպես նաև ոչնչացրել են ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության վստահությունը: Մենք ասացինք, որ Ազատության հրապարակի ցուցարարների դեմ բռնի գործողությունները հերթական լուրջ հարվածը կլինի վարչապետի [այսինքն` Սերժի] վարկանիշին: Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները մեկ-երկու անգամ բուռն արձագանքեցին, բայց արագ վերադարձան պաշտպանական երկրորդ գիծ և հայտարարեցին, որ այդ բաները կատարվում էին վարչապետի վերահսկողությունից դուրս և իր շահերի դեմ: Նրանք Քոչարյանին ներկայացրեցին որպես համառ նախագահ, ով որոշել է կարգուկանոն հաստատել, իսկ օլիգարխ-դահիճների վերաբերյալ ասացին, որ, լինելով դեռևս թույլ, Սարգսյանը չի կարողանում ենթարկել նրանց: Աշխատակիցները հայցում էին Սարգսյանի լեգիտիմությունը ապահովելու համար ԱՄՆ-ի աջակցությունը, ինչը հնարավորություն կտար Սարգսյանին` այդ ուժերին կարգի հրավիրել» [5]:
Այսինքն` Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ընտրությունների օրը և հետընտրական շրջանում տեղի ունեցած բռնությունների ու ապօրինությունների ողջ մեղավորությունը ուղղակիորեն բարդել են Քոչարյանի վրա` նրան ներկայացնելով որպես «համառ»: Ավելին, պնդել են նաև, որ օլիգարխները չեն ենթարկվել Սերժ Սարգսյանին: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ից հայցած աջակցությանը, ապա, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն այդպես էլ չշնորհավորեց Սերժ Սարգսյանին:

5. Գաղտնազերծված մեկ այլ փաստաթղթում, որը թվագրված է «28.02.2008» ամսաթվով, խոսվում է ԱՄՆ դիվանագետների և Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին: «Առավոտ»-ում հրապարակված հոդվածի հեղինակները գրում են. «Փեննինգթոնը մտահոգություն է հայտնել ընդդիմադիրների ձերբակալության մասին, որին ի պատասխան Քոչարյանը հարցրել է, թե ի՞նչ են անում ԱՄՆ-ում ահաբեկիչների հետ։ Անդրադառնալով որոշ ձերբակալությունների՝ Փեննինգթոնը նշում է, որ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը։ Քոչարյանը նշել է, որ եթե ուզենա ազատել հրապարակը, դա կանի 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչը ինքը չի ցանկանում»:
Փաստորեն` Քոչարյանը ընդդիմադիր գործիչներին նույնացրել է ահաբեկիչների հետ: Սա` իմիջիայլոց:
Այժմ տեսնենք, թե այլ ինչ է տեղեկություններ են տեղ գտել տվյալ հանդիպման մասին` փաստաթղթի բնօրինակում: Ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների վերաբերյալ ԱՄՆ դիվանագետների բարձրացրած հարցին ի պատասխան, Քոչարյանը առաջարկում է հետևյալը. «Եթե դուք [ԱՄՆ-ն] և ԵԱՀԿ-ն համաձայնեք` չքննադատել մեզ այն բանի համար, որ մենք ընտրությունների ժամանակ տեղի ունեցած հանցագործություններին դատական ընթացք չենք տալիս, ապա մենք կարող ենք անմիջապես ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»: Այսինքն` Քոչարյանը, ըստ էության, հայտարարել է, որ ձերբակալվածներն ընդամենը պատանդ են, որոնք ազատ կարձակվեն, եթե ճանաչվի ըտրությունների լեգիտիմությունը:
Ավելին, ըստ փաստաթղթի բնօրինակի` «Քոչարյանը, որպես իր զսպվածության ապացույց, հայտարարեց, որ նա կարող է հանրահավաքների բոլոր կազմակերպիչներին և ելույթ ունեցողներին օրինական ճանապարհով բանտ նետել, քանի որ նրանք խախտում են օրենքը` վիրավորելով իշխանություններին»: «Դա բացելու և փակելու գործ է», – հայտարարել է Քոչարյանը, ինչը փաստաթղթի հեղինակը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Քաղաքական ելույթներում հնչեցվող մեղադրանքները քրեականացնելու մասին Քոչարյանի գաղափարն ինքնին խոսուն է»:
Շատ ավելի ուշագրավ է տվյալ գաղտնազերծված փաստաթղթում տեղ գտած ընդհանրական գնահատականները. «Հանդիպումը Քոչարյանի կողմից ինքնահաճության ցուցադրություն էր, ով դոմինանտ էր խոսակցության ընթացքում: Քոչարյանը առաջ էր քաշում խրտվիլակին [straw-man] հասու փաստարկներ, զուտ միայն դրանցից ազատվելու համար` չթողնելով որևէ բովանդակային մեկնաբանություն ստանալ: Մեզ համար անհասկանալի է. արդյոք նա հավատում է, որ այդպիսի խոսակցությունն արդյունավետ է` մեզ համոզելու համար, որ մենք սխալվում ենք, թե դա ընդամենը հսկողություն հաստատելու իր միջոց է` ձևացնել, թե բոլոր փաստերը իր կողմից են: Այնուամենայնիվ, չենք կարող չնշել, որ Քոչարյանը ունի խարդախի (սրիկայական) [roguish] խարզմա և փաստարկներն ու պնդումներն այնպիսի փայլուն եղանակով ներկայացնելու կարողություն, որ դրանք շատ դժվար է լինում վիճարկել` առանց ուղղակիորեն մարտահրավեր նետելու անձի և իր կառավարության պարկեշտությանը» [6]:

***

«Վիկիլիքսի» կողմից տարիներ առաջ գաղտնազերծված, ահա, այս տեղեկությունները, որոշ շրջանակներ փորձում են մանիպուլյացիոն եղանակով ծառայեցնել իրենց շահերին: «Առավոտ» օրաթերում հրապարակված հոդվածի հեղինակները, փաստորեն, ոչ միայն չեն խորշել խեղաթյուրել գաղտնազերծված փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունները, այլև, ըստ էության, տվյալ փաստաթղթերի հեղինակներին են վերագրել կեղծ մտքեր:
Տվյալ շրջանակներից, իհարկե, սպասելի է նման գործելաոճը, մտահոգիչը, սակայն, այն է, որ նման ամոթալի հոդվածը հրապարակվում է այնպիսի լրատվականում, ինչպիսին «Առավոտ»-ն է: Իհարկե, «Առավոտ»-ի խմբագիրները կարող է և չեն ստուգում իրենց մոտ հրապարակվող նյութերի հավաստիությունը, և, ըստ այդմ, պատասխանատվություն չեն կրում դրանց բովանդակության համար, սակայն, համաձայնելով հրապարակել նման էժանագին հոդվածներ, «Առավոտ»-ի մակարդակը, ըստ էության, հավասարեցնում են տվյալ հոդվածի հեղինակների մակարդակին:

[1] – https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1050_a.html
[2] – https://www.aniarc.am/…/in-2008-ltp-received-30-35-percent…/
[3] – https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1257_a.html
[4] – https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN117_a.html
[5] – https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN163_a.html
[6] – https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN168_a.html

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս