X
Մենք սոց. ցանցերում

Էդգար Կոստանդյան – «ՓՈԽՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ» (պատմվածք)

 

Գլազը մեր թաղի հներից է: Հիմա ավելի է հնացել: Ոչ տնից է դուրս գալիս, ոչ էլ մարդկանց հետ է շփվում: Առավոտից իրիկուն տանը նստած նկարում է, ինչ ասես նկարում է, հենց էնպես նկարում է:
Թաղի մեծերն առանձնապես չէին սիրում Գլազին, որովհետև չշփվող էր, ծնունդները «քաղաքի ընկերների» հետ էր նշում ու պլան եղած ժամանակ էլ մենակ էր ծխում: Անկախության առաջին տարիներին, որոնց մեր թաղեցիներն ասում էին «փողի փոխվելու ժամանակներ», Գլազը գնաց ծառայության, ավելի ճիշտ` պատերազմ: Կամավոր չի եղել ու երբեք չի նեղվել էդ փաստից: Անգամ փորձեց փող ու բենզին «խաղացնել», որ չծառայի, բայց խառը ժամանակներ էին… փողի փոխվելու ժամանակները… Պատերազմից եկավ` ձախ աչքի փոխարեն ապակի, ու էդ գալու օրվանից, ուրեմն, Գևորգ անունը կայծակնային արագությամբ` փողի փոխվելուց էլ արագ, դարձավ Գլազ: Վերադարձից հետո ինչով ասես զբաղվեց` մեկ ինչ-որ հանրախանութում բանվորություն էր անում, մեկ բակում սեղանիկ էր դնում, ծխախոտ ու էլեմենտ վաճառում, մեկ գնում էր Սարատով` քեռու մոտ, բայց դատարկ գրպանով վերադառնում էր… Մի օր էլ` դարավերջի մի առավոտ, սրա գլխում նոր միտք է ծագում` բացել ֆիլմերի վարձույթի կետ, մանավանդ, որ էդ շրջանում օրեցօր շատանում էին վիդեո ունեցող թաղեցիները: Վաճառում է ցերոզից մեռած հոր թողած ժառանգություն «Բուդկա-Մոսկվիչն» ու էդ փողով վարձում մեր բակի Աղվան պապիի դատարկ խանութը: Հետո գտնում է բավականաչափ ֆիլմեր, էնքան, որ կարելի լինի բիզնեսը սկսել: Սովորական ֆիլմերի համար երկու հարյուր դրամ պիտի վճարեիր, իսկ պոռնոն կրկնակի թանկ էր, որովհետև արգելված էր ու տակից էր «պռակատ գնում»: Ու մինչ մենք ամեն ուրբաթ` դասերից հետո, երկուհարյուրանոցը ձեռքներիս վազում էինք Գլազի մոտից մեր փայ «վանդամներն» ու «հնդկականները» վարձելու, Գլազը «Կազբեկի» մեջ լցրած ուռում էր ու մտածում ամուսնանալու մասին: Մի օր էլ ամուսնացավ: Ով էր էդ աղջիկը, որտեղից էր գտել ու էդ թվերի համար էլի մի քանի կարևոր հանգամանքներ` թաղն էդպես էլ չիմացավ, բայց Գլազի դեմքից երևում էր, որ երջանիկ է: Կինն էլ բավականին գեղեցիկ ու աչքի ընկնող աղջիկ էր, ու մեր ամենաերանելի ակնթարթները նրա` շուկայից տուն գալու վայրկյաններն էին: Էնպես էինք ամեն մեկս մեզ «առաջնագիծ» նետում` բեռները կրելու, որ հազիվ թե մեր մայրերի հանդեպ երբևէ էդքան հոգատար եղած լինենք:
Մի երեկո, երբ հերթական անգամ Գլազն օրվա եկամուտն է հաշվելիս լինում, թաղի տղերքը գալիս, նրան հրավիրում են խմելու ու հաշիշ ծխելու: Գլազն էլ` թե «սրանից լավ տե՞ղ»: Մինչև կեսգիշեր ու մի բան էլ ավելի, հարբում են, ծխում, հետո քեֆները լավ գնում քնելու: Ոչ ոք չգիտի պատահականություն է, թե չէ, բայց էդ գիշերն էն նույն գիշերն է, երբ Գլազի կասետների խանութն այրվում է, այրվում են նաև կասետներն ու ներսում եղած ցանկացած բան: Հաջորդ առավոտ մեկնարկում է Գլազի դժոխքը: Բավական չէ, որ հանապազօրյա հացից է զրկվել, մի բան էլ պիտի եզան պես աշխատի, որ կարողանա Աղվանին փակել խանութի փողը` ոչ ավել, ոչ պակաս երեք հազար դոլար, ինչն էն թվերի համար մի կարգին բնակարանի փող էր: Ինչքան էլ թաղի մեծերն ու բիձեքն Աղվանին խնդրելով, աղաչելով ու վախեցնելով համոզում էին «մի քիչ իջնել», էս կիսամեռ տականքն անդրդվելի մնաց ու մի տարվա մեջ Գլազից ստացավ ամբողջ երեք հազարը: Էդ հրդեհի օրվանից Գլազի կյանքը հիմնահատակ փոխվեց: Ինչ ձեռնարկում էր, թարս էր գնում: Անընդհատ վիճում էր կնոջ հետ: Բակի նստարանին հերթապահող կնանիք ասում էին, թե ամեն գիշեր հարբած գալիս է տուն ու ծեծում կնոջը: Մի սովորական առավոտ էլ կինը թողեց Գլազին, վերցրեց իրենց երկու, թե երեք տարեկան որդուն ու հեռացավ: Ասում են` էդ օրվանից Գլազը ոչ կնոջն է տեսել, ոչ երեխային:
Տարիների ընթացքում Գլազը թեթև ճերմակեց, հետո սկսեց ճաղատանալ: Հիմա շշերի գործարանում պահակ է աշխատում, ձեռի հետ էլ նկարում է` հենց էնպես, իր համար: Իր` կռվից վերադառնալուց ու Գլազ կնքվելուց քսան տարի է անցել: Էս քսան տարիների ընթացքում Գլազը ոչ մի անգամ պատերազմից չխոսեց, երբեք պատմություններ չպատմեց բանակի մասին` նույնիսկ իրական պատմություններ, նրան ոչ մի անգամ չհիշեցին Բանակի օրը, Անկախության տոնին ու մնացած տարին մի անգամ մտաբերվող առիթներին: «Սկամեյկի կառաուլ» տիկնանց մեծ մասն արդեն մեռել է, կնշանակի` Գլազի մասին բամբասանքներն էլ են պրծել: Ու նախանցյալ երեկո` տուն վերադառնալիս, բակի նստարանին միակ ողջ մնացած նմուշ Գոհար տատից իմանում եմ, որ Գլազին մեդալ են տվել:
– Ո՞վ ա տվել,- հարցնում եմ:
Գոհար տատը մի պահ դադարում է թաղել սահնակով սահելու պատճառով ամբողջ բակը հայելի դարձրած երեխաների բոյն ու պատասխանում.
– Ասում են` թագավորը:
– Թագավորն ո՞վ ա:
– Այ տղա, Սերժը:
Բարձրանում եմ տուն, Նոր տարուց մնացած մի շիշ օղին դնում եմ թևիս տակ ու իջնում երկրորդ հարկ` Գլազի տուն:
– Էս խե՞ր ըլնի:
– Էկել եմ մեդալդ շնորհավորեմ,- ասացի ու ներս մտա:
Գլազը փակ պատշգամբում սեղան գցեց, բացեց օղու շիշն ու լցրեց բաժակները:
– Ասում ես` մեդա՞լ,- ծիծաղեց:
– Հա, Գոհար տատն ասեց` մեդալ են տվել: Ի՞նչ մեդալ ա:
– Ես շատ իմանամ, էդ հերոսներից մեկի անունով մեդալ ա, դրանց անուններն ընենց դժվար են հիշվում, որ…
– Դե լավ ա,- ասացի ու բարձրացրի բաժակս,- հայրենասիրությունդ գնահատեցին էլի:
– Հայրենասիրությու~ն… Ինչ էլ բառեր գիտես: Հայրենասերները Մոնթեի ու Վազգենի նկարով մայկա հագնող լակոտներն են, մենք պռոստը բզբզում էինք,- ասաց Գլազն ու խմեց:
Գլազի պատշգամբում նկարներ էին կախված: Ես, որ նկարչությունից մերօրյա նկարիչների չափ հեռու եմ, հասկացա, որ հետաքրքիր գործեր են:
– Էս քո նկարներն ե՞ն,- հարցրի:
– Հա, պարապ ժամանակ զբաղվում եմ էլի… հլը էն թթվից քաշի, տատս ա գեղից ուղարկել:
– Տատդ դեռ կա՞,- ծիծաղեցի:
– Արդեն չէ, բայց որ թթուն ուղարկում էր, հլը կար:
Գլազը ծերացել էր, կնճռոտվել: Իր տարիքում հազվադեպ են էդպես լինում:
– Տղեդ արդեն մեծ տղա ա, չէ՞,- հարցրի:
– Երևի,- սառը պատասխանեց ու լցրեց բաժակները:
Հին ժամանակները հիշեցինք: Գլազի «պռակատնոցը», հրդեհը, մնացածը: Օղին վերջացավ:
– Մի իրեք մանեթ փող տուր, իջնեմ Գևորի խանութ, գամ:
Գրպանիցս մի հինգանոց տվեցի:
– Արա, էս ինչ ես տալիս, սրանով կոնկրետ քեֆ կկազմակերպեմ:
– Հինգ հազարո՞վ,- ժպտացի,- էս քո կասետնոցի թվերը չեն, Գլազ:
– Ո՞նց թե: Անցած տարի գիտե՞ս` ոնց եմ հազար դրամով քառասուն ամյակս նշել:
– Էդ ո՞նց:
– Ի՞նչը ոնց, չգիտե՞ս, որ քառասուն ամյակը չեն նշում, արա,- ծիծաղեց ու ոգևորված իջավ խանութ:
Քանի մենակ էի, սկսեցի ուշադիր նայել Գլազի նկարները: Չգիտեմ` ինչի մասին էին դրանք, բայց ուշադիր նայելուց հետո հասկացա, որ բոլորի մեջ էլ ինչ-որ անմեկնելի հիասթափություն կար, ինչ-որ արդարացված հոգնություն ու կիսատություն: Բոլոր կտավներն ասես կիսատ լինեին: Տպավորություն էր, թե նկարելու ժամանակ ձեռքը թմրել է, վրձինն ընկել է ձեռքից, ու ինքն էլ էնքան անհավես է եղել, որ անգամ չի կռացել` վրձինը գետնից վերցնելու: Թվում էր` էդ վրձինը մինչև հիմա գետնին ընկած է:
Գլազը եկավ` ձեռքին երկու տոպրակ: Դրանք դրեց սեղանին ու ասաց` «կազմակերպի, մի հատ լվացվեմ, գամ»:
– Ուշացար,- ասացի:
– Հա,- լոգարանից գոռաց,- Գևորի խանութում միսը հին էր, բարձրացա վերևի խանութ:
– Վերևն էլ խանութ կա՞:
– Հա, նոր են բացել, նոր տղա ա էս թաղում, չես ճանաչի, լավ էլ տղա ա, մոտն արդեն մի հիսուն հազարի նիսյա ունեմ,- ծիծաղեց,- էս Գևորը բայց շատ մխտառ գյադա ա, արա, անունով մանկության ընգեր ա, խաբում-ասում ա միսը թարմ ա, ախր, էդ մսին հեռվից էլ որ նայում ես, էրևում ա, որ հին ա, բայց չէ, իրա համար կարևորը էդ մի քանի կիլոն էլ ծախի, պրծնի:
– Չէ հա,- ասացի,- նորմալ տղա ա Գևորը, տենց բան չի անի:
– Ո՞նց չի անի,- ասաց պատշգամբ մտնելով,- ասում եմ տուլիտ էր անում, էդ միսն էնքան հին էր, կարելի էր հոր պես հարգել:
Ես ու Գլազը մտանք խոհանոց, ու Գլազը սկսեց պատրաստել, իր խոսքերով ասած, աշխարհի ամենաճիշտ ժարկոն:
– Էս ինչ լավ բան արիր, որ էկար,- ասաց,- շուտ-շուտ արի էլի, առավոտից գիշեր պուպուի պես մենակ նստած եմ… բայց կյանքը ոնց ա փոխվել, չէ՞, մի տասնհինգ-քսան տարի առաջ ես էի քեզ խանութ ուղարկում, հիմա` դու ինձ:
Գլազը ծիծաղեց, ես` չէ: Որովհետև էդ պահին աշխարհում բոլորից լավ էի հասկանում էդ կյանքի փոխվելը:
Գլազը միսը համեմեց, կարտոֆիլը կտրտեց, էդ երկուսը խառնեց իրար, դրեց կրակին, ու վերադարձանք պատշգամբ:
– Արա, քեզ անպայման պտի բզե՞ն, որ լցնես, տեսնում ես դատարկ ա, լից:
– Գլազ,- ասացի ծիծաղելով,- բայց լուրջ ո՞նց կարողացար հինգ հազարով էսքան առևտուր անես:
– Ինձ Գլազ են ասում, ջահել ջան, ես սուպերմարկետում էլ եմ կարում գին քցեմ: Գլխիդ զոռ տալու տեղը, լից:
Բաժակները լցրի:
– Գլազ,- ասացի,- կատակը մի կողմ… շնորհավոր մեդալդ, իսկապես շնորհավոր: Դու մեդալի արժանի տղա ես: Ճիշտ ա քո մասին ուշ-ուշ, բայց հիշում են, բոլորն են հիշում, էս թաղն ա հիշում, մենք ենք հիշում, երկիրն ա հիշում:
Գլազը փորձեց աննկատ պահել աչքերի թացանալը:
– Կենացդ, Գլազ:
Գլազը գնաց խոհանոց, խառնեց ժարկոն ու վերադարձավ: Էլի լցրի: Էլի խմեցինք:
– Ո~նց մեծացաք,- դառը ժպտաց Գլազը,- շատ արագ մեծացաք:
Գլազը ժամանակն ու տարիները հաշվում էր թաղի էրեխեքի մեծանալով: Տարեթվեր չէր հիշում, բայց կարող էր ասել` էսինչ դեպքը բասկետբոլի դաշտի տեղը խանութ սարքելուց հետո է եղել, թե առաջ, կարող էր ասել նաև էդ բասկետբոլի դաշտի տեղի խանութը ութերորդ հարկի Զորիկի մեռնելուց հետո սարքեցին, թե կենդանության օրոք: Էդ պահակի գործը երևի լավ էլ իրենն է, վերջին հաշվով, հրդեհից ու բաժանումից հետո էս թաղի միակ պահակն է  եղել, ու մի սթից շշերի գործարանն էս մեծ ու բազմաբովանդակ թաղի համեմատ` խաղ ու պար է:
Գլազը ժարկոն վերցրեց կրակից, բերեց, լցրեց ափսեներն ու հայացքով հասկացրեց, որ ես էլ բաժակները լցնեմ: Քիչ հետո վեր կացավ, մոտեցավ իմ տարիքն ունեցող նվագարկչին… Հաջորդ բոլոր բաժակների ընթացքում ցածրաձայն Մանսուրյան էր հնչում…
– Արդեն համարյա Մանսուրյան չեմ լսում,- ասաց:
– Ինչի՞:
– Որովհետև ամեն երկրորդ ֆուցն սկսել ա Մանսուրյան լսել: Արա բա էն ժամանակ սրանք կարային Մանսուրյան լսեի՞ն, սրանք ո՞վ էին ընդհանրապես, որ Մանսուրյանին ճանաչեին: Տո, որ ուզում ես ճիշտն իմանաս, հիմա էլ չեն ճանաչում, ուղղակի մի տեղից լսել են, որ Մանսուրյան լսելը ճիշտ ա:
– Հա, դե ի՞նչ վատ ա,- ասացի,- լավ ա գոնե էդքանը գիտեն:
– Չէ, այ ախպեր,- բարկացավ,- լավ չի, հեչ լավ չի: Ամեն մարդ սենց բաներ չպիտի լսի: Թող չիմանան, արա: Գիտե՞ս` երբ էս երկիրը սկսեց քանդվել… երբ էս տուֆտեքը սկսեցին ամեն ինչի մասին իմանալ:
– Լավ, Գլազ, մի ծայրահեղացրու:
Գլազը խմեց ամբողջ բաժակն ու շարունակեց.
– Ծայրահեղացնելը ո՞րն ա, ի՞նչն եմ ծայրահեղացնում… արա, դու ընդհանրապես էդ ի՞նչ բառեր ես սկսել օգտագործել… ծայրահեղացնել, հայրենասիրություն, եսիմինչ… եքա մարդ ես:
– Գլազ, խմել, կռիվ ես անում,- ասացի:
– Ջահել ես, ոչինչ,- ասաց ու լցրեց բաժակները:
Գլազի հետ էլի հիշեցինք, բաներ հիշեցինք, որ մինչ էդ երեկոն ոչ ես, ոչ ինքը չէինք հիշել, ու դժվար էլ հիշեինք, եթե էսօրվա հանդիպումը չլիներ: Հետո թե’ ինձ, թե’ նրա համար անսպասելի հարցրի.
– Գլազ, էրեխուդ ընդհանրապես չես հանդիպո՞ւմ:
Գլազը մռայլվեց:
– Էդ էրեխեն արդեն մեծ տղա ա, ուսանող ա: Տեսնեմ` ի՞նչ անեմ: Ինքն ընտանիք ունի, հայր ունի, իմ լավ տղա խաղալու ժամանակներն էլ վաղուց անցել են:
– Բայց քո մասին գիտի՞:
– Ասում են` գիտի: Բայց ավելի լավ ա` չիմանա:
– Ո՞վ ա ասում:
– Ի՞նչն ա ով ասում:
– Ո՞վ ա ասում, որ գիտի:
– Մորն եմ հանդիպել մի անգամ… պատահական:
– Հիշում եմ կնոջդ, հետաքրքիր աղջիկ էր: Շատ տարօրինակ էր, որ թողեց-գնաց:
– Կինը տենց բան ա, ախպերս, թողնել-գնալու սովորություն ունի… հատկապես դժվար ժամանակներում:
– Դե, բայց թաղում խոսում էին, որ դու ես հասցրել, ասում են խմում-ծեծում էիր:
– Լավ դե դու էլ: Մի էրկու անգամ չափալախել եմ: Գիտես, չէ՞, մի հատ մեծ մարդ ասել ա` կենդանական աշխարհում մենակ մարդն ա սեփական էգի վրա ձեռք բարձրացնում,- քմծիծաղեց:
Գլազի բերած օղին վերջացավ: Ժարկոն էդպես էլ մնաց ափսեներում:
– Ես կամաց գնամ,- ասացի,- հինգ ժամ ա` նստած ենք:
Գլազը բերեց բաճկոնս, քայլեց դեպի դուռը, բացեց ու շեմին կանգնած ասաց.
– Սպասի, մի վայրկյան հետ արի:
Ներս մտա ու փակեցի դուռը: Գլազը սառնարանից մի պլաստմասե շիշ հանեց:
– Սա քաշած արաղ ա, հազիվ էլ էրկու բաժակի հերիքի:
– Չէ,- ասացի,- էսքանի վրայից մի հատ էլ տնական օղի… վարի կգնանք:
– Սպասի, արա… չես ուզում, ես մենակ կխմեմ, բայց մի կենաց եմ ուզում` ասեմ, կարևոր կենաց ա:
– Լավ,- ասացի ու նստեցի իմ տեղում:
Գլազը լցրեց բաժակները: Ես սպասում էի կարևոր կենացին:
– Կենացդ, պուճուր ախպեր,- ասաց ու լցրեց աչքերը:
Տարիներ առաջ անգամ ամենահանճարեղ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր Գլազն իմ կենացը կխմի:
– Թարգի, Գլազ,- ասացի,- ես էլ ասում եմ` ինչ կարևոր կենաց ես ասում:
– Սպասի,- սաստեց,- մյուս անգամ չընդհատես, կապ չունի, որ մեծացել ես… Կենացդ: Շնորհակալ եմ, որ էկար: Էս վերջին մի քանի տարում ինձ շատ քիչ մարդ ա հիշում: Զարմացա, որ էկար: Զարմացա ու շատ ուրախացա: Կենացդ:
Խմեցինք: Վեր կացանք ու քայլեցինք դեպի դուռը:
– Գնացի, Գլազ ջան, շնորհակալ եմ ամեն ինչի համար:
– Սրանից հետո հաճախ արի, շուտ-շուտ հիշի:
– Անպայման,- ասացի ու դրսի կողմից փակեցի դուռը:
Անպայման… Ինչ էլ հեշտ ասվեց: Դեռ դուռը չփակած` ես համոզված էի, որ էդ «անպայմանը» Գլազի լսած ամենաթեթև սուտն է, ամենածիծաղելի մխիթարանքը: Ես էլ, ինքն էլ համոզված էինք, որ ես Գլազին էնքան քիչ եմ հիշելու, ինչքան նրան մեդալ տվողները: Էնքան հեշտ է մոռանալ Գլազին, չափից ավելի հեշտ… Գլազին, որ իր մտքերի, իր նկարների, իր Մանսուրյանի, իր մեդալի, իր պատերազմի, իր մենակության հետ ժամանակ է դարձել, մի ամբողջ սերնդի ժամանակ, իրար մոռանալու, իրար չսիրելու ժամանակ, փողի փոխվելու ժամանակ, կյանքի փոխվելու ժամանակ, մարդու փոխվելու ժամանակ…

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս