Երբ առաջին անգամ կարդացի «Կույս կանանց» միավորման գրառումը, սուր զայրույթից րոպեներ անց միայն հասկացա, որ դա հարերգային /պարոդիկ/ հայտարարություն է: Պարոդիան միանգամից պարզ չէր, որովհետև այն կարող էր լինել նաև իրական: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ցանկացած տխեղծ բան հնարավոր էր: Համաձայն եմ, տխեղծը լավ բառ է: Հիշենք ու երբեք չմոռանանք, թե ինչ սարսափների միջով անցանք վերջին 20 տարիներին: Կարելի է պատմել և հիշեցնել դրանք հատիկ-հատիկ, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու սրտում ու կյանքում շատ դառնություն ու վիրավորանք է կուտակել այս տարիներին: Երբ մայրս մահացավ, մարդիկ փորձում էին սփոփանքի խոսքեր ասել: Մեկն ասաց` «Բայց ինչ լավ եղավ, որ մամադ տեսավ Սերժի հրաժարականը, նոր գնաց…»։

Դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիները հագնվեցին գեղեցիկ, նույնիսկ` մի քիչ տոնական և գնացին ընտրության: Գնացին ու իրենց ձայնը սրտանց տվեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը, որովհետև մեռած չէին, սաղ էին` տեսան Սերժի ու հանրապետական բանդայի արտաքսումը նրա գլխավորած հեղափոխության արդյունքում: Ասել, թե այս պատմական հեղափոխական ընտրության շարժիչ ուժը ատելությունն էր Հանրապետական կուսակցության հանդեպ, արդար չէ: Ավելի շուտ` անվերապահ սերն ու վստահությունն էր Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Անշուշտ, չափազանցություն չեն տեսակետները, որ «Իմ քայլը» դաշինքին տրված ձայների գերակշիռ մասը պատկանում են Նիկոլ Փաշինյանին, հանուն Նիկոլ Փաշինյանի, ի սեր Նիկոլ Փաշինյանի: Ճիշտ այնպես, ինչպես եղավ քաղաքապետի և ավագանու ընտրությունների ժամանակ` չցանկանալով քաղաքապետի պաշտոնում տեսնել Հայկ Մարությանին, մարդիկ ընտրեցին Հայկ Մարությանին, որովհետև այդպես էր պետք, քաղաքական նպատակահարմարությունը դա էր թելադրում:

Պարզ է` մարդիկ գնացել էին իշխանություն ընտրելու և չէին մտածել, թե ինչ է լինում այն խորհրդարանական երկրների հետ, որտեղ քաղաքական ուժը 70 տոկոսից ավելի ներկայություն է ունենում: Կամ էլ` քչերն էին դրա մասին մտածել: Մինչդեռ պետք էր մտածել:

Ամեն դեպքում, 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց են տալիս հասարակության արժեբանության նկարագիրը` գրեթե ճշգրտորեն: Եվ դա եթե անգամ շատ ուրախ նկարագիր չէ, բայց բոլորովին չի նշանակում, թե անբնական և կամ մեկեն վրա հասած մի բան է: Գոյություն ունի մտակերտվածք ասվածը, որն ինչպես ձևավորվում է երկար ու հետևողական աշխատանքով, այդպես էլ փոփոխվում է ժամանակի և քաղաքական-մշակութային գործողությունների արդյունքում:

Խորհրդարանում առողջ և հետաքրքիր ընդդիմություն կարող էր լինել նոր-նոր ձևավորված ՔՈ կուսակցությունը /0.68 տոկոս/: Բնական է և լավ է, որ դեռևս մատղաշ կուսակցությունն անմիջապես չի դառնում խորհրդարանական փոքրամասնություն: Նրանք առջևում ունեն 5 տարի հետագայում գուցեև խորհրդարանական մեծամասնություն դառնալու համար:

«Սասնա Ծռեր» /1.82 տոկոս/ կուսակցությունը կարող էր դառնալ ուժեղ և սկզբունքային ազգայնական մի ուժ` սրբագրելով դաշնակցության նկրտումները: Բայց Սասնա Ծռեր կուսակցության հաճախ ծայրահեղ քաղաքական հայտարարությունները խանգարեցին նրանց լինել այդ անհրաժեշտ ուժը խորհրդարանում. քաղաքական հակառակորդները ջանացին ընդգծել նրանց ծայրահեղ ազգայնականությունն անկանխատեսելիության և տեռորիստական ներուժի համատեքստում, և դա նրանց հաջողվեց:

ՀՅԴ-ն /3.89 տոկոս/ ունի իր կայուն ընտրազանգվածը, որի պատկերացումներն իրենց նախընտրած քաղաքական ուժի մասին հին են այնքան, որքան ինքը` դաշնակցությունը:

ՕԵԿ /0.99 տոկոս/. Նրանք, փաստորեն, դեռ մի քիչ կան:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» /0.51/: Նման արդյունք կուտակվեց, թերևս, կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի ազգայնական դիրքորոշում ոնեցող վերլուծություններին ծանոթ քաղաքացիների և տնեցիների շնորհիվ:

«Ազգային առաջընթաց» կուսակցություն /0.33/. Այս ուժի մասին, թերևս, այսքանը:

«Մենք» դաշինք /2 տոկոս/. Եթե արևմտամետ հայացքներ ունեցող այս դաշինքի մեկ թևը`«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, քաղաքական հայտարարություններից անդին հանդես գար նաև քաղաքական գործողություններով` չհաշված ընտրություններին պարբերական մասնակցությունը, նրանց գործերը, գուցե, ավելի լավ լինեին: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հետևողական մաշել է քաղաքական իմիջի բոլոր ռեսուրսները: Առհասարակ, եթե այս և այլ դաշինքներ չմիավորվեն ընտրություններից հինգ պակաս, այլ աշխարհայացքային ընդհանրություններից ելնելով` ստեղծեն գաղափարական ընդհանուր պլատֆորմ, տարածեն իրենց գաղափարներն ու հանդես գան կոնկրետ գործողություններով, այս տեսակ դաշինքները հասարակական ավելի շահեկան ընկալում կունենան, քան միավորումն է հանուն խորհրդարանի:

ՀՀԿ /4.70 տոկոս/. Եվ իրոք, մայրս հիվանդանոցոււմ ցնծում էր հանրապետականի պարտության համար: Որքան էլ պարզ է, որ մարդկանց լավ կամ վատ լինելը քաղաքական կատեգորիա չէ, այնուամենայնիվ, չի կարելի համաձայնել, որ այդ ուժը կկարողանար խորհրդարանական ընդդիմության կարևոր գործառույթը վերցնել իր վրա` չունենալով փաստարկներ և հակափաստարկներ ներկայացնելու տեղն ու իրավունքը: Հանրապետականը դեռ փորձում է պաշտպանել պետությունից գողացած միլիարդավոր դոլարները: Իսկ հասարակությունը պիտի փորձի ապակառուցել հանրապետականի տարածած կենցաղային, հարևանության, մարդկային հարաբերություններ կառուցելու, քեֆի, սրճարանի, ուրախության և տխրության, հատկապես քաղաքականություն անելու «մշակույթը»:

ԲՀԿ /8.27/ և «Լուսավոր Հայաստան» /6.37/ կուսակցություններ. այս երկու քաղաքական ուժերի մութ պատմության լավագույն վկան Գևորգն է: Իսկ Գևորգը դեռ լուռ է: Համենայն դեպս, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն պետք է լինեն «Իմ քայլը» դաշինքի մեծամասնության հակակշիռը: «Պարոն Մարուքյան,- հայտնի բանավեճի ժամանակ ասում է Գագիկ Ծառուկյանը,- Քու որոշելը շատ փոքր ա»: Սա թափանցիկ ակնարկ է խորհրդարանական ընդդիմության` մեծամասնությանը հակակշռելու մասով, եթե բացառենք արտախորհրդարանական մութ, գաղտնի և հավանական արկածները: Անշուշտ, ԼՀԿ-ում կան հետաքրքիր կադրեր, բայց այս ուժի քվեների տոկոսային գերազանցությունը հիմնականում պայմանավորված է հեղափոխության հաղթական վերջին միանալու և Նիկոլ Փաշինյանի հետ հաղթական կամուրջն անցնելու գործոնով, կարծ ասած` հեղափոխության վերջի մասին հիշողությունների շորշոփով: ԲՀԿ-ն` իր լորդերով և լորդուհիներով, ըստ էության, ոչինչ չարժե, եթե այնտեղից հանենք փողը, շատ փողը: Համապատասխան օրենքով արգելվում է «բարեգործությունը», և ԲՀԿ սնամեջ փուչիկը փսկում է:

Դեռևս չձևավորված դիմադրության և միանձնյա իշխանության համապատկերում մնում է չսպառել քաղաքական իդեալի մասին աղբյուրները: Եվ սա վերաբերում է երկու կողմին` թե’ հասարակությանը, թե’ իշխանությանը: 1991-ի փորձից հետո մենք իրավունք չունենք նորից ոտաբոբիկ կանգնելու պատմության առջև և ինքներս մեզ դուրս դնելու պատմությունից: Եթե նույնիսկ գիտենք, թե ում մեղադրել 20-ամյա ամոթի, խայտառակության և բարբարոսության դրոշմի համար, միևնույն է` ազատված չզգալ ինքներս մեզ հարցեր տալու անհրաժեշտությունից: Թափանցել պատմական վիթխարի իրադարձությունների հոսքի մեջ, փորձել մասնակցել դեմքերի և արժեքների վերափոխությանը: Շատ բաներից կարելի է սկսել` սթափ դատելուց, սեփական տեսակետը գերակշիռ նախապատվություններին և ընդունելի տեսակետներին չզոհաբերելուց, լավ երաժշտություն լսելուց, լավ կինո նայելուց, լավ գիրք կարդալուց, հետաքրքիր քննարկումներ կազմակերպելուց, զվարթ ապրելուց և տարաբնույթ լյուստրացիաներից:

Մարինա Բաղդագյուլյան