X
Մենք սոց. ցանցերում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը մասնակցել են Արեւելյան գործընկերության «Սովորելու եւ սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

«20 արդյունք 2020թ. համար եւ համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության եւ աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն կրթական գործընթացում: Դրանք են գլոբալիզացիան, ժողովրդագրական մարտահրավերներն ու միգրացիան, թվայնացումը, տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության զարգացումը, կլիմայական փոփոխությունները, ներառականությունը, ուսուցիչների դերի արժեւորումը: Նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսին են Արեւելյան գործընկերության երկրներում կրթության միջազգայնացման եւ բարեփոխումների խթանման ուղիները:

Նախարար Արայիկ Հարությունյանը կարեւորել է Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցությունը եւ նշել, որ այժմ կրթության հիմնական խնդիրներն են` երկրի տնտեսության զարգացման գործում ներդրում ունենալու պատրաստ աշխատուժի ստեղծումը եւ տեխնոլոգիաների ներգրավմամբ զարգացման ապահովումը:

Նախարարը խոսել է Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացի մասին` մասնավորապես նշելով հանրակրթական չափորոշիչների փոփոխության, միջին մասնագիտական կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինչպես նաեւ կրթության միջազգայնացման ու շարժունության ոլորտում իրականացվող քայլերը: Նախարարը հատուկ ընդգծել է կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման կարեւորությունը` հաշվի առնելով, որ 21-րդ դարի աշակերտին հետաքրքրելու համար կրթությունը պետք է 21-րդ դարի պահանջներին համապատասխան լինի:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս