X
Մենք սոց. ցանցերում

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

 

«Մաթեմատիկա», «հայոց լեզու» եւ «հայոց պատմություն» առարկաների ուսուցիչները դպրոցում աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր քննություն կհանձնեն: Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում:

Խոսելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հանդիպմանը ներկա դասախոսները մտահոգություն են հայտնել, որ աշակերտները դպրոցներում հայոց լեզու եւ պատմություն առարկաները լավ չեն ուսումնասիրում եւ բուհում չանցնելու դեպքում իրավիճակն ավելի վատ կլինի: Նախարար Արայիկ Հարությունյանը խնդրի լուծման այլ տարբերակ է առաջարկել: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում նախատեսում է ոլորտում մի շարք բարեփոխումներ իրականացնել եւ փոփոխություններից մեկն էլ վերաբերում է ուսուցիչների՝ դպրոց աշխատանքի անցնելու կարգին:

Ծրագրով նախատեսվում է, որ ուսուցիչները մինչ տվյալ դպրոցում աշխատանքի անցնելը, հանձնեն քննություն նախարարության կողմից նշված մարմնում, դա կլինի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կամ մեկ այլ հաստատություն: Նախարարի խոսքով՝ այդպես ինչ-որ չափով կկարողանան լուծել այն խնդիրը, որ դպրոցներում աշակերտները նշված առարկաները լավ չեն սովորում:

Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նաեւ նշել է իր համար առանցքային երկու առարկաների մասին: «Ինձ համար կարեւորագույն երկու առարկաներ կան դպրոցում՝ հայերենը ու մաթեմատիկան, որոնց պատշաճ կերպով դասավանդումը պայմանավորում է մյուս առարկաներից գիտելիք ունենալը»,- նշել է նախարարը:

Թե երբ է նախատեսվում ներդնել ուսուցիչներին քննության միջոցով աշխատանքի ընդունելու ծրագիրը, նախարարը չի մանրամասնել: Այդ հարցի պատասխանը եւ այլ մանրամասներ նաեւ մեզ չհաջողվեց պարզել ԿԳՄՍ նախարարությունից: Այսօր էլ ուսուցիչների թափուր տեղերը համալրվում են մրցութային կարգով, բայց մասնագիտական գիտելիքներ չեն ստուգվում: Նախարարն ակնհայտորեն խոսում էր հենց մասնագիտական գիտելիքներն ստուգելուց հետո ուսուցիչներին դպրոցում աշխատանքի ընդունելու մասին:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս