X
Մենք սոց. ցանցերում

Էդգար Կոստանդյան – «ԴԻԵՏԱ»

 

Սամոն խրոնիկ ցուցարար է: Նրա համար միևնույն է` ինչի մասին է բռունցքը վերև պարզում, կարևորը` ժամանակին տեղում լինի: Որտեղ միտինգ` էնտեղ Սամոն կա: Որ ուշանա էլ, չեն սկսի, կսպասեն` հասնի: Թե ինչ-որ հարց էլ իրենց` հավաքվածների սրտով լուծվեց, տանն ու թաղի տղերքի մոտ Սամոն հաղթանակը միայն իրեն կվերագրի: Վերին օղակի ընդդիմադիրներն էլ լուրջ հարցերի ժամանակ միշտ հարցնում են Սամոյի կարծիքը: Հաշվի չեն առնում, բայց հարցնում են, որ Սամոն իրեն կարևոր զգա: Երազանքներից թերևս միայն մեկն է անկատար. դեռ քաղբանտարկյալ չի դարձել: Հա, ու էս խառը գլխին էլ հասցրել է չորս աղջիկ ունենալ:

… Սամոյին տասը տարուց ավելի է` ճանաչում եմ: Դեռ ուսանող էինք, երբ Սամոն քաղաքի կենտրոնում փոքրիկ կրպակ բացեց, ու սկսեց թերթ ու սիգարետ ծախել: Մեզ ու Սամոյին կապող միակ օղակն էլ «Լաքի սթրայք» ծխախոտն էր, որ ամբողջ քաղաքում միայն նրա մոտ էր ծախվում, էն էլ` տակից: Թերթ կարդալն ու հայերեն տառերը միաժամանակ էր սովորում, քաղաքականությունից քիչ էր խոսում, խոսելիս էլ ասում էր, որ դրանք բոլորն էլ (ով կա-չկա) մի ափսեից են լափում: Հետո ավարտեցինք ինստիտուտն ու Սամոյին մոռացանք: Մի օր էլ, երբ քայլում էի էդ կողմերով, տեսա, որ կրպակը հանել են: Էդ օրը մտքովս չանցավ, որ թերթ կարդալը դարձել էր նրա «քաղաքական ուղու» մեկնարկը:

… Մի ամառային երեկո տղերքը կանչեցին բլոտ խաղալու: Բոլորն ինձնից լավ էին խաղում. ձանձրացա: Իմ ուսանողական ընկեր Ֆելոյի հետ դուրս եկանք ու քայլեցինք Փոքր Կենտրոն` գարեջուր խմելու: Օպերայի բակով անցնելիս, երբ Ֆելոն դեռ չէր մարսել իր` «իննոցներով չորս թուղթը» ցույց չտալը, նկատեցի, որ մի քանի քայլ էն կողմ Սամոն հարցազրույց է տալիս: Նկատեցի, բայց Ֆելոյին չասացի: Նկատեցի, բայց Սամոյին չմոտեցա:

… Ֆելոն շատ խմեց: Գարեջուրն արդեն գլխին էր տվել:
– Դուրս գանք,- ասացի,- մի քիչ կքայլենք, կդզվես, հետո տուն կգնանք:
– Ես դուզ եմ,- ասաց ու մի կերպ ոտքի կանգնեց:
Քայլում էինք, երբ Ֆելոն լսեց հավաքի ձայներն ու որոշեց ճանապարհը ցուցարարների կողմ թեքել: Հիշեցի, որ Սամոն էլ է էնտեղ, համաձայնեցի:
– Պրիվետ, մաեստրո,- ասաց Ֆելոն ու ձեռքը մեկնեց Սամոյին:
Սամոն ոչ այն է զարմացավ մեզ տեսնելուց, ոչ այն է` ուրախացավ: Համենայն դեպս ժպտաց:
– Ձեզ հազար տարի ա` չեմ տեսել, տղերք ջան, ո՞նց եք:
– Ինձ թվաց` չես ճանաչի,- ասացի,- լավ ենք, քեզանից ասա:
– Դե, սենց էլի,- ասաց` հպարտորեն ցույց տալով շուրջը հավաքվածներին,- հլը տեսեք` ինչ լավ ջահելներ են, թե մի բան փոխեն, իրանք են փոխելու: Լավ, տղերք ջան, կներեք, ես գնամ, հիմա պիտի ելույթ ունենամ:
Մի հարմար տեղ կանգնեցինք, որ լսենք Սամոյի ելույթը: Երբ հարթակ բարձրացավ, ծափեր լսվեցին: Քաղաքն արդեն ճանաչում է Սամոյին, երբեմն` հարգում, խիստ անհրաժեշտության դեպքում անգամ մեծարում: Նրա ելույթի ժամանակ մտածում էի` ինչ կլինի, որ Սամոն պրեզիդենտ դառնա: Հեչ որ չէ, «Լաքի սթրայքի» ներկրումը կօրինականացնի:
– Սամոյին պրեզիդենտ պատկերացնում ե՞ս,- ասացի Ֆելոյին:
– Հա, ինչի՞ չէ, ումի՞ց ա պակաս: Գիտե՞ս` ոնց կուտի:
– Կարծում ե՞ս:
– Հա, հա: Բոլորից լավ կարա ղեկավարի երկիրը: Գիտությունն ապացուցել ա, որ գեշ, անտեսված կանայք ավելի լավ են սեքս անում:
Ելույթի վերջում հնչած «բրավոներն» անհամեմատ շռայլ էին սկզբի ծափերից: Սամոն իջավ հարթակից` Ֆիդելի խստաբարո հանգստությունը դեմքին:
– Սամ,- հարցրեց Ֆելոն, երբ նորից մոտեցանք,- տեքստերդ դու ե՞ս գրում:
Սամոյի կողքին կանգնածները ոտքից գլուխ չափեցին Ֆելոյին:
– Տղերք,- ասաց Սամոն,- եթե խմած եք, գնացեք էլի, էստեղ խմած գալ չի կարելի:
Վայքում ծնված, նույնիսկ մի թեթև մեծացած, բայց իրեն լավագույն երևանցին համարող ընկերս փրփրեց:
– Չհասկացանք, բլյատ,- գրեթե բղավեց Ֆելոն,- էս արդեն դու ե՞ս որոշում` մենք մեր քաղաքում մեզ ոնց պահենք:
Ես Ֆելոյին մի կողմ տարա, որ կոնֆլիկտ չլինի: Ֆելոն հրեց ինձ ու էլի մոտեցավ Սամոյին:
– Ականջներդ կկտրեմ, հայվան, էս ո՞նց ես հետս խոսում:
– Ֆելո, խմած ես,- հանգիստ, անվրդով ասաց Սամոն ու դարձավ ինձ,- ախպոր պես տուն տար:
Ինձ գրեթե հաջողվել էր հանգստացնել Ֆելոյին, երբ մեզ մոտեցավ կես ամիս չլողացած մի ծիտ` ձեռքերից մեկում` բարձրախոս, մյուսում` ջրի կիսադատարկ շիշ:
– Մի հատ գնացեք ստեղից,- գոռաց,- էս ովքե՞ր են էս պրովակատորները:
– Սադրիչնե~ր,- բղավեց մի ուրիշ փնթի:
Էդ պահին մեր շուրջն առնվազն հիսուն մարդ հավաքվեց, բոլորի դեմքերից դարավոր ատելություն էր թափվում առ Ֆելո: Սրանցից մեկը` կտրված ձայնով մի սփյուռքահայ տղա, Ֆելոյին մի կողմ տարավ ու սկսեց խոսել հետը: Հաճելի չէ, իհարկե, երբ ամիսներ առաջ հայրենադարձված մեկը քեզ երեսուն տարվա քաղաքիդ հետ վարվելու կանոններ է սովորեցնում, բայց տղան հանդարտ էր, հանգիստ: Ֆելոյին ու հայրենադարձին հասա էն պահին, երբ տղան ասում էր` «Ֆելիքս, ես քեզ համար էլ եմ պայքարում»: Սրան մի կողմ կանչեցի ու խնդրեցի այլևս չպայքարել Ֆելոյի համար: Ու երբ ամեն ինչ խաղաղվել էր արդեն, մեզ մոտեցան Սամոյի գաղափարների անմիջական կրող մի քանի մտավորական: Դե, մի երկու-երեք Նոյի թվից չշինված, ղզղնած դերասանուհի, մի էդքան բորբոսնած երգիչ, մեկ ու կես հատ էլ սռոկն անցած դեպուտատ: Ասֆալտի ինտելեգենցիա: Մոտեցել էին, որ հետո էստեղ-էնտեղ դուրս տան, թե իրենք են կոնֆլիկտը ցրել:
Քիչ հետո հրապարակ եկավ Սամոյենց վերին էշելոնի տղերքից մեկը, մի քանի բառ խոսեց Սամոյի հետ, ժպտաց մի երկուսին ու հեռացավ: Քիչ հետո հարթակից հայտարարեցին, որ Սամոն վաղվանից հացադուլի է նստում:

… Ֆելոյի խմածն արդեն թողել էր: Համոզել էի, որ տուն գնանք, ու երբ արդեն լքում էինք Օպերայի տարածքը, մեր դիմաց դուրս եկավ Սամոյենց ցուցարարներից մեկն ու թե` «էս դուք հլը ստե ե՞ք, արա»: Մինչ կհասցնեի ինչ-որ բան պատասխանել, Ֆելոն սրա ջանդակը փռեց ասֆալտին: Խառը քաշքշուկ սկսեց: Մի երկու հարված էլ ինձ հասավ: Սամոն մի քիչ էլ ուշանար, լավ կծեծվեինք:
– Հանգստացեք մի հատ,- բղավեց Սամոն,- էս տղերքն իմ ընկերներն են, հետո ի՞նչ, որ մի քիչ խմած են: Գնացեք ձեր գործերին:
Ու քանզի Սամոյի խոսքը անխախտելի ու անքննելի պատվիրան էր մեր հեղափոխական մերձավորների համար, սրանք լուռ հեռացան մեզանից:
– Սամո,- ասացի,- մտածի` ինչ կուզես, բայց մենք մեղավոր չէինք, էդ ջահելը սկսեց:
– Լավ,- ասաց` սալաքարին նստելով,- անցած լինի: Անկապ բան ստացվեց:
Ֆելոն ոչինչ չէր խոսում, չարությամբ Սամոյին էր նայում:
– Տաքարյուն ջահելներ են,- շարունակեց Սամոն,- բայց դե դու էլ քեզ սկզբում սխալ պահեցիր, Ֆելո:
Ֆելոն լուռ էր: Մի-մի սիգարետ ծխեցինք, ոչինչ չխոսեցինք: Հետո Ֆելոն, բոլորիս համար անսպասելի, ասաց.
– Վեր կացեք, գնանք` մի բաժակ բան խմենք:
Ես ու Սամոն նայեցինք իրար:
– Չէ, տղերք,- ասաց Սամոն,- դուք գնացեք, ես գնամ տուն, մի քիչ հանգստանամ, վաղը ծանր օր ա:
– Արի-արի,- ասացի` ձեռքս Սամոյի ուսին գցելով,- մի ժամ էս կողմ-էն կողմը քեզ բան չի անի:

… Եթե մի քանի րոպե ուշ հասնեինք, խորտկարանն արդեն փակած կլինեին:
– Մեզ իմ արաղից բեր ու ուտելիք,- ասաց Ֆելոն իր ծանոթ մատուցողուհուն:
Առաջին շիշ օղին դատարկվեց, երբ ուտելիքի հիմնական մասը դեռ չէին բերել: Ֆելոն երկրորդը պատվիրեց: Սամոն վերցրեց բաժակը.
– Էս էլ մեր հայրենիքի կենացը:
– Յախք,- ասաց Ֆելոն:
Սամոյի խմածը քթերից եկավ:
– Էդ կենացը մի ասեք էլի, արա, ամոթ ա,- առանց որևէ մեկիս նայելու` շարունակեց Ֆելոն:
Սամոյի նյարդերը տեղի տվեցին.
– Կանչել ես հաց ուտելու, գռուզիտ ե՞ս անում, Ֆելո:
– Չէ, ուղղակի ասում եմ, որ դուք սաղդ կենաց ասողներ եք: Դուք հեղափոխական չեք, արա, դուք թամադա եք:
Սամոն խմեց բաժակի օղին, էլի լցրեց, էլի խմեց ու ոչինչ չասաց:
– Էն սփյուռքահայ դալբայոբն էլ էսօր ասում ա` ես քո համար եմ պայքարում,- Ֆելոն հեգնական ժպտաց:
– Հա,- խոսեց Սամոն,- քեզ համար ա պայքարում, ուրիշ բան, որ էդ չես ուզում կամ էդ քեզ պետք չի:
– Իմ ասածն էլ ա էդ, կարա՞ք իմ համար նենց բան չանեք, որ ես չեմ ուզում կամ ինձ պետք չի:
– Ես էլ եմ քեզ համար պայքարում, վաղվանից քեզ համար եմ հացադուլի նստում: Որ քեզ համար մի բան փոխեմ:
– Սոված փորով հեղափոխություն չեն անում:
– Իզուր էլ էկա, քո հետ հաց ուտել չարժե,- ասաց Սամոն` գրպանից մի քսանհազարանոց հանելով ու ցուցադրական սեղանին գցելով,- բարի գիշեր:

… Ֆելոյին տուն եմ տարել ու քայլում եմ: Ֆելոն գուցե չափն անցավ, չգիտեմ: Սամոն երևի հասել է տուն, սիրել չորս երեխաներին, հացադուլից առաջ կուշտ փորով կերել, կինն էլ արդուկել է ամուսնու դիետիկ շորերը` վաղվա համար, ու քնել են:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս