Կոտայքի մարզում հետընտրական կրքեր են բորբոքվել։ ԹԻՎ1-ը  լուրեր  ստացավ, որ Նոր Գեղի  համայնքում կեսգիշերն անց դանակահարության դեպք է տեղի ունեցել, ինչն ուղեկցվել է կրակոցներով։

Նոր Գեղիի  գյուղապետի  պաշտոնակատար  Վարդան Պապյանից ԹԻՎ1-ը հետաքրքրվեց դեպքի մանրամասների մասին։ Վերջինս պնդեց, թե ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի բարեկամ, ԲՀԿ-ական Շավարշ Առաքելյանը մի քանի օր առաջ մեքենայով  հարվածել  է Կոտայքի  մարզպետի  պաշտոնակատար  Ռոմանոս Պետրոսյանի քարոզարշավի մասնակից մեքենաներից մեկին, ինչից հետո Շավարշ Առաքելյանի որդին՝  Վարդանը,  իջել է մեքենայից և  հարվածել մյուս վարորդին։ Սկսվել է ծեծկռտուք։ Դեպքից շատ չանցած՝ Ֆրոնտիկ Թևոսյանի բարեկամները ծեծի  են ենթարկել գյուղապետի  պաշտոնակատար Պապյանի  եղբորը՝ Անդրանիկ Պապյանին։

«Զանգում է  եղբայրս, պատմում  դեպքի  մասին։ Ես  մինչև  հասնում  եմ դեպքի  վայր,  այսինքն՝ Նոր Գեղիի խաչմերուկ, լսում եմ, որ եղբորիցս հետո այդ նույն անձինք ծեծի  են  ենթարկել  այս  անգամ այլ  բնակիչների,  հնչել  են կրակոցներ   և  արձանագրվել  է  դանակահարության դեպք։ Ոստիկանները  գալիս  են խաչմերուկ,  ապա   ինձ  այսօր՝  առավոտյան, հրավիրում են բաժին։ Մինչև ես գտնվում  եմ բաժնում, կրկին Թևոսյանի  բարեկամները  մեքենայով  հետապնդում են  եղբորս՝ Անդրանիկին,  որ սովորականի նման  աշխատանքի  գնալիս  է  լինում։ Ճանապարհին   մենքենայով  հարվածում են եղբորս մեքենային, փորձում նրան նետել «կանալը»։ Տեսնելով,  որ  փորձերն  ապարդյուն են,  հետ  են գալիս,  մտնում են գյուղապետարանի  շենք, հարվածում  ու  գետնին են նետում համակարգիչները, սեղանների  վրա դրված իրերը, պատառոտում են պաստառներն ու  դուրս  գալիս շենքի  դիմաց, փակում ճանապարհը՝  պահանջելով իմ  հրաժարականը։ 50-60  հոգին ցանկանում է որոշել 6500-ի  փոխարեն։ Մամուլն էլ հիմա  գրում է, որ ես  մարզպետի  հրամանով ազատվել  եմ զբաղեցրած պաշտոնից, որը չի համապատասխանում իրականությանը։

Ի դեպ, Ֆրոնտիկ Թևոսյանին շատերը կհիշեն, նա իր անվամբ էր անվանակոչել գյուղի  երաժշտական դպրոցն ու փողոցներից  մեկը, ինչը բավական լայն ու բացասական արձագանք գտավ սոցցանցերում։

Նշենք, որ դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են արյան նմուշներ, 9 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնության դանակի կոտրված  շեղբ  և 7 սմ երկարության  դանակի  պլաստմասե  բռնակ։