X
Մենք սոց. ցանցերում

Ոչ թե սիրո մեջ կա տիղմ, այլ տիղմի մեջ էլ սեր կա․ էլիզա Մխիթարյան՝ «ՌոմանտիՂմ»

 

Նոյեմբերի 15-ին տեղի կունենա երիտասարդ գրող Էլիզա Մխիթարյանի «ՌոմանտիՂմ» գրքի շնորհանդեսը։ Էլիզային խնդրեցինք մի փոքր պատմել գրքի մասին։

«Ռոմանտիղմ»-ն իմ առաջին գիրքն է։ Գրքում հավաքված են հատընտիր կարճ պատմվածքներ, որոնք գրվել են մինչև իմ 20 տարեկանը։ Այն տպագրում է Երևանյան Էսքիզ հրատարակչությունը։ Կարճ պատմվածքն իմ տարերքն է։  Ինձ դուր է գալիս խտացնել գաղափարը գեղարվեստական կարճ տեքստի մեջ և մտորելու լայն հնարավորություններ տալ ընթերցողին։ Կարծում եմ, որ ուժեղ կամ առնվազն լավ գրականությունը չպիտի բացատրի ինքն իրեն։

Գրքում ներառված պատմվածքները ունեցել են և ունեն բավականին դրական արձագանքներ, ինչն ինձ շատ է ոգևորում։ Դրանցից շատերը արդեն տարբեր մշակութային կայքերում և կամ թերթերում ու ամսագրերում հրապարակվել և հրատարակվել են և քիչ թե  շատ ծանոթ են ընթերցողին։

Վերանգիրը ՝ «Ռոմանտիղմ», ընտրել եմ խմբագրիս հետ։ Այն իմ համանուն պատմվածքներից մեկի վերնագիրն է, որը պատմում է Հայաստանում բնակվող Ռոմանի և նրա ռուս կնոջ մասին։ Ռոմանտիղմ բառը ոչ մի կերպ չի կեղտոտում սերը, այլ ընդհակառակը, գաղափարը նրանում է, որ ոչ թե սիրո մեջ կա տիղմ, այլ տիղմի մեջ էլ սեր կա։

Գիրքը սկսվում է պատմվածք-հումորեսկով, որը նպատակ ունի այն բացելուն պես ընթերցողին լավ տրամադրություն հաղորդել։  Ես առհասարակ շատ չեմ սիրում պատմել բովանդակություններ, որովհետև դրանք յուրաքանչյուր մարդ կարդալիս իր սեփական պատկերացումներն է ձևավորում և ընկալում է յուրովի։ Շատ դեպքերում ընթերցողն ավելի խորն է հասկանում պատմվածքը, քան ինքը գրողը, ես լսում եմ մեկնաբանություններ և վերլուծություններ, որոնց մասին գուցե այնքան էլ չէի մտածել պատմվածքը գրելու ընթացքում։

Գրքում ներկայացված է կյանքը, ինչպես որ կա։ Հերոսները մեր ժամանակների մարդիկ են և յուրաքանչյուրը կարդալով գրքում ներառված պատմվածքները, անպայման կգտնի իրեն, կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկին, շրջապատից որևէ մեկին և այդպես շարունակ։

Ինձ համար կարևոր է ստեղծել լավ գրականություն, այնպիսի գրականություն, որը մարդու մեջ կարթնացնի զգացմունք, որի շուրջ մարդը կուզենա մտածել, որում ձևից բացի կգտնի սրտամոտ բովանդակություն և որից կսովորի ինչ-որ բան։ «Ռոմանտիղմ»-ում ներառված պատմվածքները չեն սովորեցնում ինչպես ապրել, որովհետև դա առնվազն ծիծաղելի է, այդ պատմվածքները ցույց են տալիս կյանքը կողքից, հետևանքները,արդյունքները, սկիզբը և ավարտը, և դրանք տեսնելով, ես հույս ունեմ, որ ընթերցողը համեմատական կանցկացնի իր կամ մեկ ուրիշի կյանքի հետ և կգտնի պատասխաններ։ Այո, գրականությունը պիտի տա հարցեր և միաժամանակ տա նաև դրանց պատասխանները, իհարկե ոչ ուղղակի կերպով։

Գրքում բացակայում է պաթոսը։ Մեր օրերի մարդուն պաթոս հարկավոր չէ, որովհետև  այն մեր ժամանակների համար կեղծ է թվում։ Իհարկե կա որոշակի չափաբաժին, որ օրինակ մերօրյա պոեզիայում գեղեցիկ է դիտվում, բայց դրանց կողքին կան այնպիսի գործեր, որոնք չեն աղերսվում 21-րդ դարի մարդու հետ։ Իսկ գրականությունը պիտի լինի մարդու համար և ի վերջո մարդու մասին։ Այս գաղափարն ի դեպ առաջ է տանում գրքի հրատարակիչ՝ գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանը՝ «Ռոմանտիղմ»-ի նախաբանում։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին՝ Թումանյան 26 Ա հասցեում գտնվող Հոդված 3 ակումբում, ժամը 18։30։ Այդ օրը հենց ընթերցողը հնարավորություն կունենա գիրքը ձեռք բերելու։ Շնորհանդեսին հնչելու են նաև հեղինակային երգերս՝ իմ երկու շատ տաղանդավոր ընկերների նվագակցությամբ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս