X
Մենք սոց. ցանցերում

Ուղերձ աշխարհին.WCIT նվագախումբը Հայաստանում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը

Արհեստական բանականությունը մեր օրերում մեծ դերակատարություն ունի տարբեր բնագավառներում,  և այն չի շրջանցել նաև արվեստը: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում, որը Հայաստանում առաջին անգամ է հյուրընկալվել, ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը: Այն  համաժողովի մեկնարկին ընդառաջ հանդես է գալու աննախադեպ համերգով` իրական ժամանակում կատարելով արհեստական բանականության երաժշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախմբի առաջին ելույթը նախատեսվում  է հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում։ Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Հաճախ են ասում, որ տեխնոլոգիական առաջընթացը մարդկանց հեռացնում է միմյանցից: Կարևորում ենք կրթությունը, մշակույթը, և, ստեղծելով WCIT նվագախումբը, ցանկացանք ցույց տալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների հաջողությունը կարող է արտահայտվել նաև արվեստում»,-մեզ հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը: Նա ընդգծեց, որ նվագախումբը կազմված է ավելի քան հարյուր երաժշտից: Նրանք ներկայացնում են այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները:

«Նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին առաջին անգամ իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը:  Հետաքրքիր է, երբ մեքենային սովորեցնում են մտածել հազարավոր ալգորիթմերի շուրջ, և մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ ունակություն ունի բանականությունն առհասարակ:  Կան մարդիկ, որոնք անգամ արհեստական բանականության «տաղանդը»  չունեն և կան մարդիկ, որոնք փոխում են աշխարհը»,-շեշտեց Սմբատյանն ու հավելեց, որ  արհեստական բանականությանը սովորեցրել են  ստեղծագործել շարականի հիման վրա, իսկ այն մեր ազգի հաղորդակցման  առաջին  խորհրդանիշներից է:

Այն հարցին, թե կարո՞ղ է արհեստական բանականության ստեղծագործությունն այնքան լավը լինել, որ հետագայում ընդգրկվի Սիմֆոնիկ նվագախմբի երկացանկում, Սմբատյանը պատասխանեց, որ չի կարծում, թե այդ երաժշտությունը հուզական առումով կարող է իրեն դուր գալ: «Դա նույնն է, ինչ համացանցի միջոցով կամ հեռախոսով մտերիմների հետ հաղորդակցվելը: Արհեստական բանականությունն ունակ է ստեղծել երաժշտության մոդել, բայց  մեծ հարց է, թե հուզական առումով  ինչ կարող է տալ: Մենք ուղղակի ուզում ենք ցույց տալ, որ մեծագույն ձեռքբերում ունենք, քանի որ մեքենան մտածում է շարականի ալգորիթմերի շուրջ:  Չեմ կարծում, որ ամենալավ մեքենան անգամ ունակ լինի մարդուց լավ ստեղծագործել»,-շեշտեց նա:

Ավելին՝ armenpress.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս