Բնությունն ու տիեզերքը մարդուն միշտ ընտրության հնարավորություն են տալիս՝ արարք գործիր, բումերանգով նույնը թող վերադառնա, անձրև է՝ կուզես թրջվիր, կուզես՝ անձրևանոց վերցրու։ Եվ այսպես ամեն հարցում։ Մենք անգամ հնարավորություն ունենք երկրի իշխանություններին ընտրել, սակայն այս մասին չէ, որ ուզում եմ  խոսել, այլ մարդու բնական ու ամենօրյա  ընտրության, որ նա կատարում է իր մտքի քվեատուփում՝ առանց լցոնումների, բացարձակ ազատ ու մշտապես ապահովելով մտքերի քվորումը:

Ամեն օր մենք ընտրում ենք՝ ինչ հագնել, ինչ ուտել, ուր գնալ և ում հետ շփվել: Եվ եթե անգամ բոլոր այս կետերում մենք եզակիից այն կողմ հնարավորություն չենք ունենում, ուրեմն  հենց դա էլ մեր ընտրությունն է, ուրեմն մենք հենց այդպես ենք ուզել ու կառուցել, չէ, սարքել, կամ թե կուզեք՝ շինել մեր կյանքը:

Երբ մենք խանութ ենք գնում մեր բաժին  հանապազօրյան գնելու, կանխավ կամ տեղում տեսականուն ենք ծանոթանում և գներին: Օրվա  հացն առնում ենք՝ համադրելով մեր ուզածն ու ունեցած դրամը, կամ էլ չենք առնում՝ էլի ընտրություն է։

Երբ շողացող սուպերմարկետի ախորժաբույր դարակից մեզ մի նորաստեղծ ու նորանուն հաց է աչքով անում, մենք հանկարծ ու նկատում ենք, որ մեր հանապազօրյա մատնաքաշից մի մատ չէ, հինգ մատ էլ թանկ է, ամբողջահատիկ ցորենով, առողջարար սերմերով,  հետն էլ, ասենք, ֆրանսիական տեխնոլոգիայով: Բա մեզ ֆրանսուհի երևակայենք ու մի բուռ չարչարանք էլ  չկրե՞նք: Հետո արդեն մենք ենք որոշում՝ հասնել նորահացին, թե շարունակել առօրյա մատնաքաշի ճանապարհը:

Հաճախ մեր ընտրությունը մեր տեսադաշտով ենք սահմանափակում. աչքի առաջ ունեցածով, պարզած ձեռքի հեռավորությամբ, անգիր իմացածով: Այդպես  հեշտ է, հեշտ է նաև ասել՝ դե, դա ունեմ: Իրականում մեր ունեցածն անսահման է, տիեզերքի չափ, ուղղակի պիտի կարողանանք ընտրության գնալ, ընտրության ճանապարհ անցնել:

Ասածս ինչ է՝ ամեն  ինչ իր գինն ունի ու մենք պատրաստակամ դա վճարում ենք. իրականում մենք վճարում ենք ոչ թե ապրանքի, այլ մեր ընտրության համար։

Կյանքն ընտրություն է՝ ճիշտ-ճիշտ դեկտեմբերի 9-ին սպասվելիք արտահերթ ընտրության նման։ Շատերը կյանքը քարոզարշավի նման են ապրում՝ խոսում են տեսակ-տեսակ ծրագրերից, առիթների դեպքում կոստյում են հագնում ու գեղեցիկ լուսանկարվում, իրենց հետքն են փորձում թողնել արարք-պաստառների տեսքով՝ մարդ-շենքերի վրա, խոսում ու խոսում են, բայց այդպես էլ նրանց կյանքի «դեկտեմբերի 9-ը» չի գալիս․ չեն հասնում մի կետի, որտեղից պետք է արդեն ավարտեն խոսքը, սկսեն գործը։

Որոշել էինք չքաղաքականացնել, բայց և այնպես։ Ընտրություններին մասնակցում են նույն այն մարդիկ, որոնք ամեն օր որոշում են անձրևանոց կրել, թե՝ թրջվել, դասական հաց գնել, թե «արտհաուսային»։ Երկու կողմն էլ մասնակցում է, ոմանք ընտրում են, ոմանք՝ ընտրվում։ Մի մասը կընտրվի, մյուս մասը՝ ոչ։ Մի մասը կգնա ընտրության, մյուս մասը՝ ոչ։ Բայց կարևոր է, որ մենք շարունակենք ընտրել մեզ համար կարևորն ու իսկականը, միշտ։ Ամեն օր հիշենք մեր կյանքի, կամ, թեկնածությունն առաջարկած մարդանց դեպքում՝ նախընտրական քարոզարշավը, սահմանենք մի դեկտեմբերի 9-ը, որից հետո կայացրած որոշումներին նաև տեր կկանգնենք, ու աշխատենք դրանց հետ։

Որովհետև մեկ օրը բավարար չէ՝ ո՛չ «կյանքային», ո՛չ քաղաքական փոփոխությունների համար։ Որովհետև քաղաքականությունը կյանքի անբաժանելի մաս է՝ ուզենք, թե՝ ոչ։ Ընթացք է, որը պիտի ապրենք միասին՝ աշխատելով, սխալվելով, դրական արդյունքների հասնելով ու հիասթափություններ զգալով, բայց անընդհատ առաջ շարժվելով, որովհետև  միշտ պետք է հիշենք՝ ընտրելուց բացի պիտի նաև տեր լինենք մեր ընտրությանը։ Ու ներքին զգացողություն ունենանք, որ ընտրության ամեն օր ենք գնում՝ որ ոլորտում էլ լինի։