Ռեժիսոր Լևան Ակինի վրաց-շվեդական սկանդալային «Հետո մենք պարեցինք» կինոնկարը կմրցի ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի համար: Այդ մասին տեղեկացնում է ֆիլմի ֆեյսբուքյան էջը:

Վրացական «Takes Film»-ի և շվեդական «French Quarter Film»-ի համատեղ արտադրությունը ներկայացված է «Լավագույն միջազգային գեղարվեստական ​​կինոնկար» անվանակարգում (նախկինում այդ անվանակարգը կոչվում էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ»,- գրում է SHANTNEWS-ը։

«Հետո մենք պարեցինք» ֆիլմը Մերաբ անունով պարողի մասին է, որի կյանքն արմատապես փոխվում է այն բանից հետո, երբ վերջինս սիրահարվում է իր հավակնոտ մրցակից Իրակլիին: Ֆիլմում նկարահանվել են երիտասարդ վրացի դերասաններ Լևան Գելբախիանին, Աննա Ջավախիշվիլին և Բաչի Վալիշվիլին:

«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2020 թվականի փետրվարի 9-ին, հոլիվուդյան Dolby թատրոնում:

Հատկանշական է, որ օգոստոսի 16-23-ը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքում կայացած կինոփառատոնում դերասան Լևան Գելբախիանին վերոհիշյալ ֆիլմի համար արժանացել էր «Սարաևոյի սիրտը» մրցանակին:

Բացի դրանից՝ Լևանը հայտնվել է Կաննի կինոփառատոնի «ամենահետաքրքիր տաղանդների» ցանկում: Վարկանիշը կազմել է ամերիկյան W ոճային ամսագիրը, որում ներառվել են նաև կինոարվեստի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Անտոնիո Բանդերասը, Ուիլեմ Դաֆոեն և Ռոբերտ Պատինսոնը:

Share: