X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Վախը. Բա մենք դրա համա՞ր ենք հավաքվել

Մեր վախն ուրիշ է։ Ամեն ինչի մեջ կարելի է գտնել մեր վախը։ Վախը մեր մանիպուլյացիան է այն իրադարձությունների հանդեպ, որոնցից գաղափար չունենք։ Դիցուք, եթե ռուսները Հայաստանից հեռանան, թուրքերը մեզ կուտեն։ Սա վախ է։

Առաջին հայացքից վախենում ենք, որովհետև մինչ այդ հարմարավետ է։ Ռուսների ներկայությունը հարմարավետ է ընդդեմ թուրքերի ագրեսիայի։ Չենք մտածում, որ քաղաքականությունը փոխադարձ հարմարավետության համաձայնեցումն է։ Ռուսների հանդեպ վախը մեզ տարավ ԵԱՏՄ։

Թեպետ քաղաքական առումով այն նաև հարմարավետության համաձայնեցում էր՝ չմտնեինք, Ղարաբաղի համար լավ չէր լինի։ Սա հարյուր տոկոսանոց սպառնալիք չէր, բայց ընդունեցինք ի գիտություն։ Գուցե անխուսափելի են այդ վախերը փոքր ժողովուրդների մոտ, որոնք նույնիսկ քաղաքական նպատակահարմարություն դիտարկելու լիարժեք հնարավորություն չունեն։

Գուցե։ Բայց գոնե բաներ կան, որոնք մենք ենք որոշում։

Վախը երկար տարիներ եղել է մեր ընտրական անհաջողությունների ու ձախողումների հիմնական ուղեկիցը։ Մի ժամանակ ասում էին՝ եթե ոչ Սերժը, բա էլ ո՞վ։ Ու միմյանց վախեցնում էին, ասենք, կանխատեսելիությամբ չփայլող Րաֆֆի Հովհաննիսյանով։ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվում էր նախագահի թեկնածու, վախեցնում էին «մութ ու ցուրտ տարիներով»։

Նույնիսկ այդ օրերին մրսած շունն ու կատուն գիտեին, որ «մութ ու ցուրտը» քաղաքական ղեկավարության քմահաճույքը չէր։ Վախեր ունեցող մարդը սեփական քայլ անող չէ։ Վախերը նրան պետք են, որպեսզի սեփական քայլեր անելու կարիք չունենա։

Վախը նրա հարմարավետությունն է։

Վախը բնորոշ է քաղքենուն, որի հիմնական թշնամին երևակայությունն է և մարտահրավերը։ Մարտի 1-ից մի երեք տարի հետո ինչ-որ նախկին վիրավորների հետ էի ուզում խոսել այդ դեպքերից։ Երկու հոգու գտա։ Հրաժարվեցին խոսել, «էս իշխանությունների հավեսը չունենք, էլի հետևներիցս կընկնեն» պատճառաբանությամբ։

Հենց էդ վախն աշխատեցնելու վրա էր Սերժ Սարգսյանի «խաղադրույքը», երբ անցյալ տարվա ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանին ասաց. «Դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել»։ Չաշխատեց։ Իրեն թվում էր, թե մեզ լավ գիտի։

Մհեր Արշակյան

Ավելին՝ medialab.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս