X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

«Այսօր ես շատ ավելի երևանյան եմ, քան քսան տարի եղել եմ անուղղելի կիրովականցի»․ Լուսանե Ջալալյան

Այսօր ես շատ ավելի երևանյան եմ, քան քսան տարի եղել եմ անուղղելի կիրովականցի. Ֆորշն ու Հախվերդյանն այսօր ինձ՝ ընկեր, Ցենտրալն ու Փարիզյանն ինձ՝ տուն, դու՝ ընթացիկ սեր։

***
Երևանն աղմկում է վատ փաբերի պես:
Երևանյան սերերը թեթև են Աբովյան փողոցի սրճարանների նման:
Երևանում կանայք սիրուն են, թե նրանց Հյուսիսային պողոտայում չես հանդիպել
Տղամարդիկ՝ տղամարդ, երբ 40-ն անց են
Երևանում լավ է, քանի դեռ նկարդ չի հայտնվել ոչ մի պլաստիկ վիրաբույժի գովազդային աֆիշային
ու քանի դեռ ոչ ոք տաքսի ծառայություն չի բացել քո անունով, որտեղ գայթակղիչ ձայնով, դեռահասի կոկետությամբ բայց կլիմաքսի շեմին մի կին 19-ին բարի երթ կմաղթեր:
Տեսնե՞ս դիսպյչերներից բացի էլի կանայք կա՞ն, ովքեր տղամարդկանց թվագրում են:
ստացվում է՝ բացի դիսպեյչեռներից կանայք լինում են ևս 2 տեսակի. նրանք, ում մոտ ինչ-որ մեկն առաջինն ա, իսկ մնացածն՝ անկարևոր, նրանք, ովքեր հաշիվը կորցրել են առաջին տասնյակը բոլորելուն պես:
***
Ցենտրալում՝ պարոնայք ինտիլիգենտ ծերունիներ՝ հին քաղաք ու ջահել աղջիկներ տեսնելու թաքուն մտադրությամբ։ Սիգարետդ վառելու՝ միշտ պատրաստակամ բայց նաև երբեք չզլացող ասել՝ սիրուն աղջիկ ես, ինչու՞ ես ծխում։ Հավասարության ու ազատության մասին բոլոր ծայրահեղականացված թեզերը՝ գրողի ծոցը, ինձ դուր է գալիս,թե որքան վստահ կարելի է հակադրել 《սիրուն աղջիկ լինելն》 ու 《ծխելը》, ասել է թե, եթե սիրունիկ չես հանգիստ ծխիր. կյանքդ այսպես թե այնպես կործանված է։ 
***
Մեզ մոտ երթուղայինները մինի թագավորություններ են, ուր վարրորդը, ներեցեք՝ թագավորը 《20 տարի ա՝ էս գծի վրա ա》ու հպարտ է դրանով, ավելի հպարտ, քան այն փաստից, որ 《ծերը ծերին հասցնելով լակոտներին ուսման ա տվել》, իսկ տղաներից մեկն ուզում էր ոսկերիչ դառնալ, մյուսն էլ դեռ մանկուց սիրում էր դերասանություն անել ընտանեկան խնջույքներին. ռեպերտուրան անփոփոխ՝ նախագահներից մինչև առաջին հարկի հիսունամյա օրիորդի կերպարները նրան տրվում էին մեկից մեկ, բայց ներկայացման զարդը միշտ մնում էր փնփնթան տատի դժգոհ մոնոլոգը։ 
Իսկ թագավորի տեղը տաք լիներ ու փորը՝ կուշտ, երեխաները՝ բարձրագույնի դիպլոմով, կինը՝ անդավաճան ու հակաճառելու անկարող, ուղևորն էլ մանրադրամ ունենար ու կարգին ձայնալարեր, որ Թաթուլի կլկլոցի ֆոնին նրան հասներ 《կանգառում կանգներք》արտահայտությունը։ Մեկ էլ երթուղայինի դուռը ծածկեր այնքան ուժեղ, որ փակվի, բայց այնքան կամաց, որ երկաթներն իրար աղմուկով չառնեն։

Լուսանե Ջալալյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս