Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է ՌԴ ՊՆ-ին՝ նշելով, որ իրենց զորքերը չեն նահանջել Փառուխից.
«Ցավում ենք, որ ՌԴ ՊՆ-ի կողմից տրամադրված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում և նրան հարակից լեռնային շրջաններում չեն փոխվել։
Լուրերը, որ ադրբեջանական զորքերը նահանջել են այդ դիրքերից, չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ -ից։
Պաշտոնական Բաքուն նաև հանդիմանել է ՌԴ-ին` նշելով. «Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր։ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարություններում այս տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փառուխից ադրբեջանական զորքերի հեռացման մասին։














