Գլխավոր դատախազությունը պահանջել է Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի մայր ընկերությունը՝ Meta-ն ճանաչել «ծայրահեղական կազմակերպություն»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են դատարան։
Գործակալությունը Ռոսկոմնադզորից պահանջել է նաև արգելափակել Instagram-ը, որը պատկանում է Meta-ին։ Meta-ին պատկանող WhatsApp մեսենջերի աշխատանքը սահմանափակելու պահանջները դեռ չեն հաղորդվել։
Քննչական կոմիտեն, իր հերթին, քրեական գործ է հարուցել Meta-ի աշխատակիցների նկատմամբ ծայրահեղական գործունեություն իրականացնելու և ահաբեկչական գործողություններին նպաստելու հրապարակային կոչերի համար (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 280 և ՌԴ ՔՕ 205.1): Գործը հարուցվել է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ սպանության և բռնության ապօրինի կոչերի կապակցությամբ»։
Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Meta-ն չի ջնջի Facebook-ում և Instagram-ում որոշ երկրներում հնչած սպառնալիքներն ու բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մահվան մաղթանքները։ Meta-ն ընդգծել է, որ «ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կոչերը դեռևս չեն թույլատրվում»։
Facebook-ը Ռուսաստանում արգելափակվել է մարտի 4-ին։ Պաշտոնական պատճառը «ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրականությունն էր»՝ կապված սոցցանցի վարչակազմի կողմից ՌԴ իշխանությունների հետ առնչվող հրապարակումների նյութերի հասանելիության սահմանափակման հետ։














